Առաջին անգամ Սյունե Սևադա կարդացի:
Գիրքը առնում ես ձեռքդ ու հասկանում, որ գրողի ներսի փոքրիկ աղջկա իրականացած երազանքն է: Խնամքով ընտրված կազմ, Սյունեի դեմքը ամեն սկսվող պատմվածքի առաջին էջի լուսանցքում, խորամանկ բնութագիր գրքի կազմին: Գրքի տեսքը, դիզայնը, անգամ ընտրված թուղթը հաճելի են ու տրամադրող:
«Կախվածություն»-ը կարճ պատմվածքների ժողովածու է:
Պատմվածքների մի մասը ասես օրագիր հիշեցնեն, ու դու փորձում ես հետևել հեղինակի մտքերին, որոնք հաճախ խճճվում ու էդպես էլ որևէ եզրահանգման չեն հասնում: Պատմվածքներ էլ կան, որ ուղղակի պատառիկ են մի կյանքից, ներկայացնում են մի օր կամ դրվագ, որոնց իմաստը կամ կգտնես կամ պարզապես կկարդաս ու կանցնես առաջ:
Շատ տպավորված չեմ, գիրքը թեթև կարդացվող է, հետաքրքրությունս բավարարեցի, բայց գրադարանումս տեղ չէի տա: Դեռահաս գրչի գրածներ են, գուցե հենց դեռահասների համար:
Կերպարները մի քիչ մակերեսային են, բայց իրական են ու շոշափելի, գուցե ձեր նախկին դասարանցուն կամ էլ հարևանուհուն հիշեցնեն:
«Անեսթեզիա» պատմվածքը հավանեցի, որովհետև կային տողեր որ ուշադրությունս գրավեցին, կերպարները հմտորեն մեր իրականությունն էին արտացոլում, հեղինակը հումորի միջոցով բարդ խնդիրների էր անդրադառնում:
Ինչպես Սյունեն է գրում՝ «աշխարհը գեղեցիկ է, երբ սիրելիք կա», էնպես որ թող այսօրվա ձեր աշխարհը գեղեցիկ լինի: Ու թող բոլորս Սյունեի պես կարողանանք իրականացնել մեր ներսի երեխայի երազանքը: